THE ADMINISTRATIVE CHAMBER OF THE COURT OF CASSATION FORMULATED A PRECEDENT REGARDING THE GROUNDS FOR REVOCATION OF DECISION SUSPENDING THE ENFORCEMENT OF THE CONTESTED ADMINISTRATIVE ACT
ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/3638/05/22 վարչական գործով Ս. Թադևոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, հստակեցրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու հիմքերը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությամբ ներկայացված փաստարկները չեն կարող գտնվել վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վիճարկելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու իրավունքի իրացումը չպետք է վերածվի վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման քողարկված բողոքարկման. օրենսդիրն արդեն իսկ նախատեսել է այդ որոշման անմիջական բողոքարկման իրավական հնարավորություն:
ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը կարող է վերացվել, եթե.
- վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությամբ ներկայացված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստի և (կամ) ապացույցի լույսի ներքո գնահատելով վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը՝ դատարանը եզրահանգում է, որ վերացել է վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը պահպանելու անհրաժեշտությունը, այսինքն՝ այլևս առկա չէ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկած, կամ
- դատարանը, գնահատելով վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկման ժամանակ իր տրամադրության տակ չգտնված և վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությամբ վկայակոչված փաստը և (կամ) ապացույցը, եզրահանգում է, որ այդ փաստի ուժով բացակայել է վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը։
ՀՀ Վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդության քննարկման արդյունքում ընդունված որոշման բողոքարկման շրջանակներում չի կարող քննության առարկա դառնալ ՀՀ վարչական դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու պահի դրությամբ գոյություն ունեցած փաստական վիճակում վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերի առկայության (բացակայության) հարցը։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ
http://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases-intermediate/2214
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".