ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՔԼԵՐ ՕՎԵՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
2024 թվականի սեպտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը, Վճիռների կատարման վարչության սեկցիայի ղեկավար Տատյանա Կոժոկարուն։
Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն իր խոսքում նշել է, որ Վճռաբեկ դատարանը բարձր է գնահատում համագործակցությունը եվրոպական իրավակարգի պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ, որի նախադեպային իրավունքը կարևոր դեր է կատարում հայրենական իրավունքի զարգացման գործում՝ նպաստելով ազգային իրավական համակարգում միջազգային առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործմանը։
Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիոն համակարգի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է միջազգային դատարանի վճիռների կատարման մակարդակով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացը Վճռաբեկ դատարանի ամենօրյա գործունեության ուշադրության առանցքում է՝ հավատարիմ լինելով Եվրոպական կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետության՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանն ու դրանք հետևողականորեն կենսագործելու մեր պետության որդեգրած քաղաքականությանը։
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը նաև նշել է, որ կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, Վճռաբեկ դատարանն արդյունավետորեն և համակողմանիորեն համագործակցում է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանն առնչվող խնդիրներին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".