13.08.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԲԱՑԱՌԻԿ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0167/06/15 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որպես բացառիկ վերանայման բողոք բերելու հիմք դիտարկելով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հաստատվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը կամ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը, մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում, որպես բացառիկ վերանայման ենթակա դատական ակտեր, վկայակոչում է միայն օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնցով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը:

  Վճռաբեկ դատարանը գտել է, որ Եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձնական ազատությունը սահմանափակող՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի բացառիկ վերանայման հնարավորություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նշված հիմքով նախատեսված չլինելը չի ապահովում անձնական ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումից պաշտպանվելու իրավունքի իրացման միջազգային իրավական չափանիշների կենսագործումը, ավելին՝ հակադրության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների հետ։

  Հետևաբար, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայի դրութները, Եվրոպական դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքը, եվրոպական կոնվենցիոն համակարգի սուբսիդիարության սկզբունքի կարևորությունը, ինչպես նաև արդարադատության շահը, գտել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նշված հիմքով բերված բացառիկ վերանայման բողոքի առկայության պայմաններում ևս ենթակա են բացառիկ վերանայման:

 

Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝ 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2485

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".