ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՑԱՆՔԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշմամբ, անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխման հարցերին, արձանագրել է, որ հետադարձությամբ փոփոխված քրեական օրենքի տարածման սահմանները պարզելու համար անհրաժեշտ է օգտագործել համադրման և վերլուծության մեթոդները, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն կտան պարզելու, թե փոփոխված քրեական օրենքը հանցանք կատարած անձի համար բարենպաստ իրավական հետևանք առաջացնում է, թե ոչ։ Թեև նշվածը չի ենթադրում համեմատության համապարփակ չափանիշներ, այդուհանդերձ, կարելի է եզրահանգել, որ պահանջվում է կոնկրետ իրավահարաբերությունը կանոնակարգող դրույթների համակարգային համեմատում, ինչի միջոցով հնարավոր կլինի որոշել՝ արդյո՞ք փոփոխված օրենսդրությունը, ի տարբերություն արարքը կատարելու պահին գործող օրենսդրության, անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնում է, թե ոչ։
Այս համատեքստում հարկ է նկատել, որ վերագրվող արարքի ծանրության տեսակի փոփոխությունը դեռևս չի նշանակում, որ հանցանքը կատարած անձի համար վաղեմության ժամկետի տեսանկյունից տեղի է ունեցել բարելավում։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Ուստի, պարզելու համար, թե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող հանցանքի տեսակի փոփոխությունն արդյո՞ք քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից բարելավում է ենթադրյալ հանցանք կատարած անձի վիճակը, անհրաժեշտ է համադրված ուսումնասիրել երկու քրեական օրենսգրքերի վերաբերելի դրույթները։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".