ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՅԱԼ ՏԵՍԱԿԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՅԴ ԱՐԱՐՔՆԵՐԸ ՈՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վճռաբեկ դատարանը, Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ գործով 2024 թվականի հունիսի 14-ի թիվ ԿԴ1/0059/01/16 որոշմամբ, անդրադառնալով գործող քրեական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում երկու կամ ավելի անձանց սպանության որակյալ տեսակի վերացման պայմաններում կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցին, արձանագրել է, որ գործող քրեական օրենսգրքով երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի փաստացի վերացումը դեռևս չի նշանակում, որ տեղի է ունեցել մասնակի ապաքրեականացում, քանի որ բովանդակային առումով սպանության տվյալ որակյալ տեսակը ոչ թե վերացվել է, այլ փոխվել են դրան հակազդելու մեխանիզմները՝ պայմանավորված օրենսդրի կողմից նշված երևույթին տրված նոր արժեքային գնահատմամբ։ Այսինքն, կատարված փոփոխությունը ձևական (կամ տեխնիկական) բնույթ է կրում, և արարքը շարունակում է հանցավոր ու պատժելի լինել նաև նոր փոփոխված քրեական օրենսդրության պայմաններում։
Անդրադառնալով քննարկվող արարքի դեպքում ցմահ ազատազրկում պատժատեսակը նշանակելու հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ երկու կամ ավելի անձանց սպանության նկատմամբ օրենսդիրն իր պատժողական քաղաքականությունը չի փոխել՝ առավել ևս՝ մեղմացման առումով, ինչի մասին վկայում է նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը, ուստի կատարված փոփոխությունները՝ ցմահ ազատազրկում պատժատեսակը նշանակելու հնարավորության առումով, որևէ կերպ չեն բարելավել կամ վատթարացրել անձի վիճակը և թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսգրքերը թույլ են տալիս նշված արարքի դեպքում նշանակել ցմահ ազատազրկում պատժատեսակը։
Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝ https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2414
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".