10.06.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՈՒՅԹԸ (ՀԵՌԱԿԱ ՎԱՐՈՒՅԹԸ) ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՆՈՐՄԵՐԻ՝ ՆԱԽՔԱՆ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՍԿՍՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանը Մանուկ Խաչատրյանի գործով 2024 թվականի հունիսի 7-ի թիվ ԵԴ/0363/01/22 որոշմամբ, արձանագրել է, որ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի իմաստով «սկսված վարույթ» եզրույթը պետք է մեկնաբանել ոչ թե լայն՝ քրեական վարույթ սկսված լինելու (քրեական գործ հարուցված լինելու), այլ ավելի նեղ՝ կոնկրետ այն իրավահարաբերությունը սկսված լինելու իմաստով, որը կարգավորում է քրեադատավարական կիրառվող նորմը: Այլ կերպ՝ ժամանակի մեջ քրեական դատավարական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, ենթակա է կիրառման այն իրավանորմը, որը գործում է կոնկրետ դատավարական գործողությունը կատարելու կամ դատավարական ակտն ընդունելու պահին՝ անկախ նրանից, թե օրենքն ընդունվել է քրեական գործի հարուցումից առաջ, թե հետո՝ այն բացառությամբ, որ չի կարող կիրառվել միայն այն նորմը, որի կիրառումը կարող է հանգեցնել սկսված իրավահարաբերության պայմաններում անձի արդեն իսկ ունեցած իրավունքների սահմանափակման կամ նրա վիճակի վատթարացման։ Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության որևէ փուլում օրենսդրությամբ նոր քրեադատավարական ինստիտուտ նախատեսելով, ինքնին, անձի վիճակը չի կարող վատթարանալ, եթե այդ ինստիտուտով նախատեսված իրավահարաբերությունն անձի և պետության միջև դեռևս սկսված չի եղել: Դեռ ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինքնին հեռակա վարույթը դրա կիրառման՝ օրենքով սահմանված հիմքերով ու պայմաններով հանդերձ, չի ենթադրում անձի վիճակի վատթարացում: Այն իրենից ներկայացնում է հատուկ վարույթ՝ իրեն բնորոշ դատավարական ձևով, որը կիրառվում է բացառապես իր վերաբերյալ վարույթին մասնակցելուց անձի հրաժարվելու պարագայում: Հետևաբար, հեռակա վարույթի կիրառումը ոչ թե վարույթն իրականացնող մարմնի սուբյեկտիվ կամարտահայտությամբ անձին պարտադրվող ընթացակարգ է, այլ անձի դրսևորած ոչ իրավաչափ վարքագծի, այն է՝ վարույթն իրականացնող մարմնից խուսափելու հետևանք, որն անձի համար վրա է հասնում իր իսկ կամարտահայտության արդյունքում:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".