04.06.2025

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀՀ ՆԱԽԿԻՆ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԳՈՐԾՈՂ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  Վճռաբեկ դատարանը, 2025 թվականի մայիսի 30-ի թիվ ԵԱՆԴ/0057/01/15 որոշմամբ, տառացի մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթներն ամրագրող 483-րդ հոդվածի 7-րդ մասը՝ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

  Անդրադառնալով վերոնշյալ նորմում առկա քննվում և լուծվում են եզրույթներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հիշյալ եզրույթները վերաբերում են բացառապես գործի ըստ էության քննությանը և լուծմանը: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման մեկնաբանության օգտին է խոսում այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանում բուն դատաքննությունը կարգավորվում է առանձին՝ 10-րդ բաժնի նորմերով, որոնք իրավաչափորեն չեն անդրադառնում խափանման միջոցներին և դրանց կիրառման կարգին, քանի որ այս հարցի քննարկումը ոչ թե ենթադրում է գործի ըստ էության քննություն ու լուծում, այլ մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովմանն ուղղված դատավարական հարկադրանքի միջոցի կիրառման կամ արդեն իսկ կիրառված միջոցի իրավաչափության շարունակական ստուգում:

  Միաժամանակ, արձանագրվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ քննարկվող դրույթի այն մեկնաբանությունը, որը ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը պայմանավորում է գործի ըստ էության քննության կարգով, ոչ իրավաչափորեն սահմանափակում է նվազագույնի սկզբունքով կալանավորման փոխարեն այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ անձին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը, ինչը հակասում է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության կոնվենցիոնալ իրավունքի երաշխավորման պետության պոզիտիվ պարտականությանը: Նշվել է նաև, որ վերոնշյալ մեկնաբանությունն իրավաչափորեն կիրառելի է նաև առաջին ատյանի դատարանի կողմից գործի ըստ էության քննության արդյունքում կայացված դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներով խափանման միջոցի հարցի քննությանը:

 

  Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝  https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2868

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".