ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԵՐԱԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵՐԿՕՐՅԱ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԻՆ
2025 թվականի նոյեմբերի 18-19-ը ՀՀ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչները Եվրոպայի խորհրդի` «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի շրջանակներում մասնակցել են Ստրասբուրգում կայացած ճանաչողական այցին։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության, իրավախորհրդատուի գրասենյակի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայկական ստորաբաժանման իրավաբանների, խոշտանգումների կանխարգելման կոմիտեի քարտուղարության, ինչպես նաև բողոքների ֆիլտրման ու աշխատանքային մեթոդների վարչության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների շրջանակում մանրամասնորեն քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման մեխանիզմները, ներպետական մակարդակում դրանց կիրառման հիմնական մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի դեմ վճիռների կատարման ընթացիկ վիճակը։ Պատվիրակությանը ներկայացվել են իրավախորհրդատուի գրասենյակի աշխատանքի առանձնահատկությունները՝ ուղղված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միասնականության ապահովմանը։
Բացի այդ, այցի ընթացքում ներկայացվել են բողոքների ֆիլտրման, դատական ակտերի մշակման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներքին ընթացակարգերի բարելավմանն ուղղված նորարարական էլեկտրոնային գործիքներն ու տեխնիկական լուծումները, որոնք կարևոր նշանակություն ունեն դատարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
Այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի նիստին՝ Oriente d’Italia v. Italy գործով՝ եզակի հնարավորություն ունենալով անմիջականորեն ծանոթանալու Մեծ պալատի գործունեությանը և նիստերի անցկացման ընթացակարգային առանձնահատկություններին։
Ճանաչողական այցը խիստ օգտակար և արդյունավետ է եղել Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագիտական կարողությունների զարգացման, փորձի փոխանակման և միջազգային համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ Այցի ընթացքում ձևավորված նոր գործընկերային կապերն ու ձեռք բերված գիտելիքները կնպաստեն միջազգային լավագույն փորձի և առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործման ապահովմանը։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".