ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների և աշխատակազմի ներկայացուցիչների համար, սույն թվականի մայիսի 16-ից 17-ը, Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ Համլետ Ասատրյանը, Արթուր Դավթյանը, Գոռ Հակոբյանը, Վճռաբեկ դատարանի դատավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանը:
Աշխատաժողովի ընթացքում իրավաբանության դոկտոր, փորձագետ Լորենա Բեչմեյեր Վինթերը ներկայացրել է զեկույցներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վերջին զարգացումների ու ներպետական դատարանների վրա դրանց ազդեցության, ՄԻԵԿ 6-րդ հոդվածի և դատական ակտերի փոխադարձ ճանաչման ու իրավական կանխավարկածների հետ դրա փոխազդեցության և մի շարք այլ թեմաներով:
Աշխատաժողովի ընթացքում, հեռավար կապի միջոցով, հանդես է եկել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարի տեղակալ Ջոն Դարսին, ով ներկայացրել է ՄԻԵԿ կից թիվ 16 արձանագրության նպատակը, ընթացակարգն ու գործնական կիրառումը, խորհրդատվական կարծիքների հայցման ռազմավարական նկատառումներն ու այլ պետությունների իրավական փորձը:
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ դատական պրակտիկան, մտքեր փոխանակել գործնականում ծագող խնդիրների և հարցերի վերաբերյալ:
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".