18.12.2024

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏԸ

  Դեկտեմբերի 12-ին Երևանում կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստը։  Նիստը նախագահում էր Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։

  Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհուրդը ձևավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված և 2022 թվականի նոյեմբերի 26-ին ուժի մեջ մտած՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհուրդ ձևավորելու մասին» համաձայնագրի ուժով:

  Խորհրդի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը։ Դեռևս 2023 թվականի փետրվարի 20-ին կայացած՝ Խորհրդի կազմակերպչական անդրանիկ նիստի ընթացքում, Խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

  Երևան քաղաքում կայացած՝ Խորհրդի առաջին պաշտոնական նիստին մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի Գերագույն դատարանների պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը։ Տեսակապի միջոցով նիստին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահը, ԱՊՀ տնտեսական դատարանի նախագահը և Ռուսաստանի Դաշնության արդարադատության պետական համալսարանի ռեկտորը։  

  Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներն ու դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ, Արդարադատության ակադեմիայի ռեկտորն ու Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ։

  ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ․Թադևոսյանը, հանդես գալով ողջույնի խոսքով` ընդգծեց, որ ժամանակակից աշխարհը լի է գլոբալ մարտահրավերներով և սրընթաց զարգացումներով, որի պայմաններում դատական համակարգի դերը՝ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման,  ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և ժողովրդավարական արժեքների պահպանման գործում, դառնում  է առավել  քան նշանակալի` ցանկացած պետության համար:

  ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը նաև նշեց, որ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհուրդ ձևավորելու մասին» համաձայնագրի ուժով, մասնակից պետությունները պատասխանատվություն են ստանձնել ձեռնարկել համաձայնագրի՝ սեփական դատական համակարգերը զարգացնելու, ազգային օրենսդրությունը կատարելագործելու, իրավական փոխօգնության մեխանիզմներն ամրապնդելու և ընդլայնելու նպատակներից բխող գործուն քայլեր՝ ձևավորելու արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ կազմակերպաիրավական հիմքեր: Համաձայնագրի կնքումը վկայում է պետությունների միջև համագործակցությունից դեպի դատարանների միջև ուղիղ փոխգործակցության անցնելու իրավական հիմքեր ձևավորելու հանձնառության մասին: Եվ այդ հանձնառության ապացույցը՝ ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի ձևավորումն է: Իսկ խորհրդի՝ կանոնակարգով նախատեսված գործունեության հիմնական ուղղություններով գործառույթները կյանքի կոչելը, պահանջում է իրավական հիմքերից զատ գործնականում անհրաժեշտ մեխանիզմների ապահովում և գործուն քայլերի ձեռնարկում։ Խորհրդի ձևավորմամբ ԱՊՀ անդամ պետությունների դատական համակարգերի միջև իրավական համագործակցությունը դրվել է որակապես նոր հարթության վրա՝ նոր հեռանկարներ և հնարավորություններ ընձեռելով համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների դատական մարմինների միջև փոխադարձ իրավական օգնության մեխանիզմների ընդլայնման, փորձի և տեղեկատվության արագ ու կանոնավոր փոխանակման համար։

  Լիլիթ Թադևոսյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը, նախադեպային բնույթ ունեցող իր իրավական դիրքորոշումների, այդ թվում՝ օրենքների մեկնաբանությունների միջոցով, ապահովում է մեկ միասնական իրավական հարթություն՝ նպաստելով իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը:

  ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը միաժամանակ նշեց․ «Մեր տեսլականը՝ կանխատեսելի արդարադատության հայեցակարգի զարգացումն ու ժողովրդավարական պետության առաջնահերթություններից մեկի՝ իրավունքի գերակայության սկզբունքի արդյունավետ իրագործումն ապահովող իրավական միջավայրի ձևավորումն է:

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը, հավատարիմ մնալով իր բացառիկ սահմանադրական առաքելությանը՝ ապահովելու օրենքի միատեսակ կիառությունը, մեծապես կարևորում է միջազգային համագործակցությունն ու կանոնավոր փորձի փոխանակումն ինչպես Եվրոպական Միության անդամ պետությունների բարձրագույն դատական ատյանների, այնպես էլ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների դատական մարմինների հետ։

  Միջազգային հարթությունում սերտ և համընդգրկուն փոխգործակցությունը՝ արդարադատության իրականացման լավագույն փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նոր հայեցակարգային լուծումներ գտնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի գործունեության առաջնահերթություններից է»:

  Նիստի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

 Օրակարգային հարցերի թվում պատվիրակության անդամները քննարկեցին դատարանների միջև փորձի և տեղեկատվության կանոնավոր փոխանակմանը, դատավորների վերապատրաստմանը, միջազգային իրավական օգնության ապահովմանն առնչվող հարցեր: Մշակվեց 2025-2026 թվականների միջոցառումների ծրագիրը, քննարկվեցին համակարգող աշխատանքային խմբի ձևավորման և կազմակերպական մի շարք այլ հարցեր:

Խորհրդի նախագահությունը հաջորդաբար ստանձնեց Բելառուսի Հանրապետությունը:

 

https://www.youtube.com/watch?v=VEM0BjH03wM

 

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".