DENIAL
Օրերս «armlur.am» տեղեկատվական կայքում տեղ գտած՝ «Վճռաբեկ դատարանն աշխատում է գլխավոր դատախազության համար. փաստաբանների բացահայտումը» վերտառությամբ հրապարակման շրջանակներում ներկայացվել է փաստաբան Վահան Հովհաննիսյանի հարցազրույցը, որի ընթացքում վերջինս վկայակոչելով մի շարք անկցորդ թվային տվյալներ, կատեգորիկ եզրահանգում է արել այն մասին, թե Վճռաբեկ դատարանը հիմնականում վարույթ է ընդունում գլխավոր դատախազության բողոքները և մերժում փաստաբանների բողոքները վարույթ ընդունելը՝ արդյունքում հնչեցնելով ոչ կոռեկտ, անհիմն ու չփաստարկված գնահատականներ:
Հրապարակմանը կարելի էր չարձագանքել, եթե ակնհայտ չլիներ, որ վիճակագրական տվյալներ ներկայացնողն ու «վերլուծություն» կատարողը ցուցաբերել են սիրողական մոտեցում, որը հիմնված է թվերի ոչ պատշաճ, պարզունակ համադրության վրա և կրում է ընդգծված ապատեղեկատվական բնույթ։
Հրապարակման բովանդակությունից հետևում է, որ «վերլուծության» հեղինակն իր դատողությունները կառուցել է մոտ երկու ամիսների ընթացքում (2021 թվականի հունիսի 21-ից մինչև օգոստոսի 18-ը) վճռաբեկ բողոքների վերաբերյալ կցկտուր տվյալների վկայակոչմամբ, մինչդեռ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում, փաստարկված դատողություններ և առավել ևս կատեգորիկ եզրահանգում հնարավոր կլիներ անել առնվազն կիսամյակի (վեց ամիսների) ընթացքում ստացված և վարույթ ընդունված բողոքների վերաբերյալ ամբողջական վիճակագրական տվյալները համադրելու և բովանդակային վերլուծության ենթարկելու դեպքում: Ավելին, հարկ կլիներ արձանագրել, որ վարույթ ընդունելու հանգամանքը որևէ կերպ չի կանխորոշում վճռաբեկ բողոքի «ճակատագիրը»՝ այն բավարարելու կամ մերժելու առումով։ Դրանում համոզվելու համար «վերլուծողին» ընդամենն անհրաժեշտ կլիներ ուսումնասիրել «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները։
Բացի վերոգրյալից, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով, որոնց համաձայն՝ Վճռաբեկ դատարանն ունի հստակ առաքելություն՝ վերացնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումներն ու ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը: Իր առաքելությունն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ոչ թե վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու համամասնությունը պահպանելու անհրաժեշտությամբ, այլ առաջնորդվում է բացառապես օրինականության սկզբունքով՝ անկախ վիճակագրական պատկերից։
Կարևորելով հանրային վստահության ամրապնդումը, հորդորում ենք դատական իշխանության գործունեության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս լինել առավելագույնս զուսպ ու հավասարակշռված, իսկ վերլուծություններ և դատողություններ անելիս մնալ բացառապես մասնագիտական տիրույթում՝ ապահովելով փոխադարձ հարգանքի մթնոլորտը:
ՀՀ Վճռաբեկ դատարան
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".