PRESIDENT OF THE COURT OF CASSATION RECEIVED THE HEAD OF THE OFFICE OF THE COUNCIL OF EUROPE IN YEREVAN
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտն իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 21-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծեց, որ կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործում, ՀՀ Վճռաբեկ դատարանը մշտապես սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ: Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ համագործակցության շրջանակներում, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ և իրագործվել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել իրավունքի գերակայության ամրապնդմանն ու արդարադատության արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ յուրաքանչյուր տարի լույս են տեսնում նախադեպային որոշումների ժողովածուները, որոնք լավագույն միջոց են իրավական հանրության և հասարակության լայն շրջանակների համար մշտադիտարկելու բարձրագույն դատական ատյանի գործունեությունը։
Եվրոպայի խորհրդի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, 2022 թվականին գործարկվել է Վճռաբեկ դատարանի կայքէջը՝ ակնառու դարձնելով թափանցիկ և հաշվետու աշխատելու՝ Վճռաբեկ դատարանի որդեգրած քաղաքականությունը: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծեց, որ հանրային վստահության ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության զարգացման ռազմավարության օրակարգային հարցերից է։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ, միջազգային և ազգային փորձագետների ներգրավմամբ, արդյունավետորեն իրականացվել են բազմաթիվ համաժողովներ և մասնագիտական քննարկումներ: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծեց քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ կազմակերպված կլոր սեղան-քննարկումների կարևորությունը, որոնք իրենց արդյունավետ ազդեցությունն են ունեցել նոր օրենսդրության ընդունմամբ անցումային սկզբնական փուլը հնարավորինս դյուրին հաղթահարելու գործում։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտն իր խոսքում բարձր գնահատեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ցուցաբերած ջանքերը՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ ձևավորված փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու գործում, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքում Վճռաբեկ դատարանի ցուցաբերած հետևողական մոտեցումը, նախաձեռնողականությունն ու թափանցիկ աշխատելու պատրաստակամությունը։ Մարտինա Շմիդտն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունն օրինակելի փոխգործակցության դրսևորումներից է։
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք շնորհակալություն հայտնեցին արդյունավետ ու կառուցողական աշխատանքի համար և հույս հայտնեցին, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ արդեն իսկ ամուր հիմքերի վրա խարսխված համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հաջողություններ մաղթեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին իր հետագա գործունեության ընթացքում։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".