16.02.2023

THE PRESIDENT OF THE COURT OF CASSATION AND THE CHAIRMEN OF THE CHAMBERS PARTICIPATED IN THE LAUNCH CEREMONY OF THE COUNCIL OF EUROPE ACTION PLAN FOR ARMENIA 2023-2026

 2023 թվականի փետրվարի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի՝ 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությունը, որի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն պալատների նախագահների պաշտոնակատարներ Գոռ Հակոբյանը, Ռուզաննա Հակոբյանը և Լիպարիտ Մելիքջանյանը։

Ողջունելով Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների՝ 2023-2026թթ. ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառման մասնակիցներին, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է․

«Կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման,  ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործում, ՀՀ Վճռաբեկ դատարանը մշտապես սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ։ Պետք է փաստել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի, որպես իրավակիրառ պրակտիկայի միասնականությունն ապահովող բարձրագույն դատական ատյանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի միջև ձևավորված կառուցողական փոխգործակցությունն արդեն տարիների պատմություն ունի։

 Այս առումով հատկանշական եմ համարում Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների նոր՝ 2023-2026թթ․ ծրագրի իրականացումը, ինչը միանշանակորեն կնպաստի մեր երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացմանը։

Մինչ նոր ծրագրի բովանդակային մասի քննարկումը, կցանկանայի անդրադարձ կատարել նախորդ՝ 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրին։ Այդ ժամանակահատվածում ընդունվեցին ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը՝ ձևավորելով միջազգային առաջադեմ չափանիշներին և մոտեցումներին համապատասխան քրեադատավարական և քրեական նոր օրենսդրություն։

Տարիներ շարունակ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավական դիրքորոշումների շրջանակներում, բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությանը համահունչ, ապահովում էր գործող օրենսդրության միատեսակ կիրառությունը՝ ձևավորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին և միջազգային առաջադեմ չափանիշներին համապատասխան իրավակիրառ պրակտիկա։ Նոր իրավական ակտերի ընդունմամբ նշված չափանիշների մեծամասնությունը ստացավ օրենսդրական ամրագրում, ինչի արդյունքում առավել որոշակի դարձան ներպետական օրենսդրական կարգավորումները՝ դրան զուգահեռ բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանության նշաձողը։

Պետք է նշեմ նախորդ ծրագրի շրջանակներում նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կազմակերպված կլոր-սեղան քննարկումների կարևորությունը, որոնք իրենց արդյունավետ ազդեցությունն ունեցան նոր օրենսգրքերի ընդունմամբ անցումային սկզբնական փուլը հնարավորինս դյուրին հաղթահարելու գործում։

Դատարանների գործունեության արդյունավետության և արդարադատության որակի բարձրացման հիմքում ընկած է դատական համակարգի և մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի, որպես նախադեպային իրավունքի մշակմամբ կանխատեսելի արդարադատություն կերտող դատական ատյանի գործունեության հրապարակայնության և հաշվետվողականության ապահովումը։ Եվրոպայի խորհրդի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի անմիջական մասնակցությամբ, 2022 թվականին գործարկվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջը, որը վստահ եմ, իր ուրույն ներդրումը կունենա ինչպես արդարադատության որակի, այնպես էլ բարձրագույն դատական ատյանի գործունեության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման գործում՝ նկատի ունենալով, որ հրապարակային գործունեության շրջանակներում թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների իրագործման շնորհիվ է նաև երաշխավորվում վստահելի և կանխատեսելի արդարադատությունը, ամրապնդվում հանրային վստահությունը դատական իշխանության հանդեպ։

Ողջունելի է, որ Եվրոպայի խորհրդի նոր՝ 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը լինելու է նախորդ՝ 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրի հետևողական և արդյունավետ շարունակությունը՝ հիմնվելով դրա ձեռքբերումների վրա՝ ուղղված, ի թիվս այլնի, նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության խորացմանն ու ամրապնդմանը։

 Անձնապես կարևորում եմ այն հանգամանքը, որ նոր ծրագիրն իրականացվելու է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ազգային օրակարգը, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունները։ Հատկանշական է, որ մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Եվրոպական չափանիշների իմպլեմենտացումը կիրականացվի արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների և ձևավորված մոտեցումների հաշվառմամբ։

Մյուս կողմից, կարևորում եմ նաև այն, որ նոր ծրագրի առաջնահերթություններով հաշվի են առնվելու Եվրոպայի խորհրդի մի շարք կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, որոնք կանխատեսելի արդարադատության միջավայրի ձևավորման սահմանադրական գործառույթի շրջանակներում տարիներ շարունակ հանդիսացել են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների անբաժանելի մասը։

Նշվածն անխոս կնպաստի ներպետական օրենսդրության առավել մոտեցմանը Եվրոպական չափանիշներին, ազգային կառուցների կարողությունների զարգացմանը՝ մարդու իրավունքների խթանման, իրավունքի գերակայության ամրապնդման և կառավարման ժողովրդավարական սկզբունքներն ապահովելու նպատակով»։

Ամփոփելով իր ելույթը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված կառուցողական և համընդգրկուն համագործակցությունը ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ ավելի քան երկու տասնամյակների գործունեության ընթացքում, միջազգային կառույցների հետ ծավալած օրինակելի փոխգործակցության դրսևորումներից է՝ իրավունքի գերակայության ամրապնդման, արդարադատության որակի բարձրացման շրջանակներում և վերահաստատել է Վճռաբեկ դատարանի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցությունը զարգացնելու, խորացնելու և փոխգործակցության նոր ուղղություններ բացահայտելու գործում։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".