04.05.2022

RA COURT OF CASSATION HOSTED THE JUDGES OF THE EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

2022 թվականի մայիսի 4-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում հյուրընկալվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ Արմեն Հարությունյանը և Թիմ Էյքին (Միացյալ Թագավորություն):

Հանդես գալով ողջույնի խոսքով, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վաղուց արդեն դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների բարձրագույն դատական ատյանների լավագույն գործընկերը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորվող իրավական պաշտպանության արժեքները ինտեգրվել են և շարունակում են ինտեգրվել անդամ պետությունների իրավական համակարգում՝ բարձրագույն դատական ատյանների կողմից ձևավորվող նախադեպային իրավական դիրքորոշումներով, որպիսի գործառույթը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մակարդակով վերապահված է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովող, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնող բարձրագույն դատական ատյանին՝ Վճռաբեկ դատարանին։ Որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող և իրավունքի զարգացմանը նպաստող բարձրագույն դատական ատյան՝ Վճռաբեկ դատարանը նախադեպային բնույթի որոշումներով ապահովում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հարմոնիզացիան հայրենական իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում։ Ընդ որում, այդ գործընթացը չի ապահովվում միայն այն գործերով, որոնցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի վճռիներ է կայացրել, այլ նաև այն գործերով, որոնք ունեն նույնաբնույթ փաստական հանգամանքներ կամ իրավական խնդիր։

 

Լ․Թադևոսյանը նշել է, որ իրավունքի զարգացման գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես կարևորել է միջազգային լավագույն փորձի և առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործման ապահովումն ազգային իրավական համակարգի ներկապնակում։

 

Վճռաբեկ դատարանի նախագահն ընդծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի անդամ երկրների բարձրագույն դատական ատյանների միջև համագործակցությունը նոր թափ ստացավ 2018 թվականի օգոստոսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը՝ նոր հարթակ ձևավորելով միջազգային և ազգային դատարանների համագործակցության համար։ Միջազգային դատարանից խորհրդատվական կարծիք ստանալու այս կառուցակարգը արդյունավետ նոր մակարդակի բարձրացրեց ազգային բարձր դատարանների և միջազգային դատարանի միջև համագործակցությունը։ Այս գործիքակազմը հնարավորություն է ընձեռում ազգային դատարաններին իրենց ներդրումն ունենալ Եվրոպական իրավակարգի պահպանության և իրավական արժեքների ձևավորման գործում։ Ավելին, այս նոր հաղորդակցման խողովակով իրականացվող համատեղ համագործակցությունը նաև հիմք է հանդիսանում ձևավորելու նոր իրավական մշակույթ, հայեցակարգային հիմքեր հաղորդելու եվրոպական արժեքների զարգացմանը։

 

Վճռաբեկ դատարանի նախագահը փաստել է, որ ընդամենը օրեր առաջ՝ 2022 թվականի ապրիլի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության շրջանակներում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումի հիման վրա տրամադրել է խորհրդատվական կարծիք։

 

Վերահաստատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ունեցած կարևոր դերն ու ամփոփելով ելույթը, Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան հայրենական իրավունքի զարգացման տեսլականի շրջանակներում Վճռաբեկ դատարանն իր սահմանադրական գործառույթների իրացմամբ շարունակելու է հետամուտ լինել հնարավոր բոլոր ուղիներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդմանը։

 

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին բովանդակալից և կառուցողական քննարկման համար՝ երկուստեք ընդգծելով համագործակցության կարևորությունն ու հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".