ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՆՁԻՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանը Մելսիկ Ալեքսանյանի գործով 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ ԼԴ1/0059/01/17 որոշմամբ արձանագրել է, որ շարունակական կալանքի պարագայում, վարույթի բնականոն ընթացքին զուգահեռ, աստիճանաբար բարձրանում է մեղադրյալին (ամբաստանյալին) կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Ընդ որում, կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին վարույթն իրականացնող առաջին ատյանի դատարանի որոշումը վերադաս դատական ատյանի կողմից բեկանելիս, կալանքի անհրաժեշտության հիմնավորվածության շեմը պետք է լինի առավել բարձր։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով շարունակական կալանքի համատեքստում անձի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածին և վարույթի հնարավոր երկարատև ընթացքն արձանագրելու հանգամանքին՝ գտել է, որ թեև նշված հանգամանքներն ինքնին չեն բացառում անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի վտանգները, սակայն բարձրացնում են նրան շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Կոնկրետ դեպքում Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարել արդեն իսկ ձեռնարկված դատավարական գործողությունների և հետազոտված ապացույցների ծավալի պայմաններում անձի տևական ժամանակ կալանքի տակ գտնվելու փաստն Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրելու հանգամանքը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացուցողական ողջ զանգվածը հետազոտելուց հետո անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող հիմքերի բացակայության պայմաններում անգամ, զուտ դատաքննությունը վերսկսելու օրենսդրական կարգավորման հիման վրա վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականության առկայության արձանագրումը ոչ այլ ինչ է, քան կալանքի տակ պահելու ժամկետի մեխանիկական երկարաձգում, ինչն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված երաշխիքերի հետ:
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ ծանրակշիռ փաստարկներով հիմնավորման ենթակա է անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտ ու բավարար հիմքերի առկայությունը, այլ ոչ թե համապատասխան երաշխիքների կիրառմամբ անձին ազատ արձակելը:
Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2824
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.