ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է «ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ ՈՐՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՐՏԱԴԻՐ (JUS COGENS) ՆՈՐՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, սույն թվականի նոյեմբերի 29-ին կազմակերպվել է «Խոշտանգումների արգելքը որպես միջազգային իրավունքի համապարտադիր (jus cogens) նորմ» խորագրով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների դատավորները, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում հանդես գալով ողջույնի խոսքով, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է, որ սահմանադրորեն վերապահված՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու առաքելության իրացման շրջանակներում, Վճռաբեկ դատարանը, իր մի շարք նախադեպային որոշումներում, խոշտանգման կամ դրան հավասարեցված այլ արարքների համար քրեական պատասխանատվության հիմնախնդիրներին առնչվող արժեքավոր իրավական դիրքորոշումներ է ձևավորել, որոնք ուղղորդող նշանակություն են ունեցել այս բնույթի գործերով դատական պրակտիկայի՝ միջազգային առաջադեմ չափանիշներին համապատասխանեցման համար:
Աշխատաժողովի ընթացքում խոշտանգման վերաբերյալ գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների և այդ բնույթի գործերով ներպետական իրավունքի վերջին զարգացումների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը և ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ Տաթևիկ Սուջյանը՝ անդրադառնալով խոշտանգման արգելքի՝ որպես jus cogens նորմի վերաբերյալ միջազգային չափանիշների՝ ազգային իրավական համակարգ ներմուծման, ենթադրյալ խոշտանգման վերաբերյալ գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների կիրառելիության և մի շարք այլ հիմնախնդիրների։
Աշխատաժողովի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել նաև փաստաբաններ Արա Ղազարյանն ու Արա Ղարագյոզյանը, որոնք անդրադառնալով խոշտանգման վերաբերյալ գործերով Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներին, ընդգծել են, որ դրանք կարևոր նշանակություն են ունեցել իրավակիրառ պրակտիկայի համար։
Ա․Ղազարյանը, ներկայացնելով խոշտանգման արգելքի վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկայի վերջին զարգացումները, միաժամանակ նշել է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից Եվրոպական կոնվենցիային կից 16-րդ արձանագրության ուժով տրամադրված խորհրդատվական կարծիքը՝ ըստ էության խոշտանգման բնույթի արարք համարվող հանցանքի քրեական հետապնդման, դատապարտման և պատժի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառելիության վերաբերյալ, զարգացրել է ոչ միայն ներպետական իրավունքը այլև Եվրոպայի Խորհրդի շրջանակներում եվրոպական իրավունքը:
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.