ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔՈՒՄ ԿԱՄ ԿՐԻՉՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանը 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԴ/0926/08/22 որոշմամբ առանձնակի արժևորելով քրեական վարույթի շրջանակներում հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության հարցում հետևողականությունը, իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ էլեկտրոնային սարքը կամ կրիչը հայտնաբերվել է նախնական դատական վերահսկողության շրջանակներում սանկցավորված քննչական գործողության կատարման արդյունքում (օրինակ՝ բնակարանում տեղի ունեցած խուզարկություն կամ աշխատասենյակում կատարված առգրավում), ու միաժամանակ հանդիսացել է միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունք, ապա թվային խուզարկություն կատարելու համար հավելյալ դատական որոշում ստանալու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է: Նման իրավիճակներում առանց դատարանի լրացուցիչ թույլտվության էլեկտրոնային սարքում կամ կրիչում որոնողական գործողությունների կատարումը ոչ միայն տրամաբանական է, քանի որ դրանք հայտնաբերելու ձգտումը հուշում է, որ որոնողական հետաքրքրություն ներկայացնող տվյալները ողջամտորեն պետք է գտնվեն հենց դրանցում, այլև իրավաչափ է, քանզի էլեկտրոնային սարքը կամ կրիչը որոնելու և վերցնելու քննիչի խնդրանքի բավարարումն ինքնին ներառում է նաև վերջինները հետագայում ուսումնասիրելու նրա ողջամիտ ձգտման հետ համաձայնվելը։ Այսինքն՝ այս դեպքում էլեկտրոնային սարքը կամ կրիչը որոնելու ու վերցնելու խնդրանքի բավարարումն ազատում է դրանք թվային խուզարկության ենթարկելու համար հանրային և մասնավոր շահերը կրկին հավասարակշռելու անհրաժեշտությունից, քանի որ նմանատիպ դեպքերում, դատարանի որոշման հիման վրա կատարված քննչական գործողությամբ հայտնաբերված առարկայի հետագա թվային խուզարկությունը պարզապես կարգադրված քննչական գործողության օբյեկտիվորեն անբաժանելի մասն է, որի միջոցով էլ ապահովվում է դրա լրիվությունը։
Մինչդեռ, եթե դրանք հայտնաբերվել են այնպիսի քննչական գործողության իրականացման ընթացքում, որի համար դատարանի որոշում չի պահանջվում (օրինակ՝ դեպքի վայրի զննություն կամ ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն), կամ այդպիսիք որոնելու և վերցնելու նպատակը չի հանդիսացել դատարանի որոշման հիման վրա կատարված քննչական գործողությունից ակնկալվող արդյունքը (օրինակ՝ այլ առարկա որոնելու նպատակով խուզարկության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է բջջային հեռախոս), կամ այդպիսիք ակնհայտ առնչություն չունեն վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակելու՝ սկզբնական միջնորդության մեջ հիմնավորված հավանականության հետ, ապա դրանցում պարունակվող թվային տվյալների որոնումը կարող է կատարվել բացառապես այդ նպատակով ստացված դատարանի որոշման հիման վրա։
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.