ԿԱՅԱՑԵԼ Է «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Սույն թվականի ապրիլի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմակերպվել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողով։ Համաժողովի` «Ինչու է ուշանում արդարադատությունը» խորագրով առաջին պանելային քննարկման շրջանակներում, որպես բանախոսներ հանդես են եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ Համլետ Ասատրյանը, Հովսեփ Բեդևյանը, Արթուր Դավթյանը և Գոռ Հակոբյանը, Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների նախագահներ Արսեն Մկրտչյանը, Արման Թովմասյանը և Հովիկ Շահնազարյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության այլ պաշտոնատար անձինք, փաստաբաններ, իրավաբան-գիտնականներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն իր ելույթում նշեց, որ միջազգային չափանիշների համաձայն՝ հանրային վստահության համեմատաբար բարձր մակարդակ ակնկալող դատական իշխանության մոդելը հենվում է երեք հիմնասյուների վրա։ Դրանք են՝
ա) անկախությունն ու անկողմնակալությունը,
բ) հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, և
գ) ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրականացումը։
Այս հենասյուներից վերջինը՝ ողջամիտ ժամկետում գործերի քննության ապահովումը, դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման կարևորագույն նախապայման է, որն այն աստիճանի է փոխկապակցված դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բաղադրիչի հետ, որ դժվար է պատկերացնել այդ ցուցանիշի աճ՝ ողջամիտ ժամկետների խախտման պայմաններում։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ երկրի բարձրագույն դատական ատյանը՝ Վճռաբեկ դատարանը, իր գործունեության հատկապես վերջին տարիների ընթացքում, ուշադրության առանցքում է կենտրոնացրել ողջամիտ ժամկետում գործերի քննության ապահովումը: Այսպես, Վճռաբեկ դատարանը, որպես օրենքի միատեսակ կիրառության ապահովման ու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացման բացառիկ իրավասությունը կրող մարմին, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին կայացված որոշմամբ, սահմանել է չափանիշներ՝ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի ապահովման համար։ Վճռաբեկ դատարանն առաջին անգամ արձանագրել է տուժողի իրավահաջորդի՝ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի խախտման փաստը, միջազգային իրավական փաստաթղթերում տեղ գտած վերաբերելի կարգավորումների և ներպետական օրենսդրության վերլուծության հիման վրա սահմանել վարույթի տևողության ողջամտության գնահատման չափանիշներ։ Մշակված չափանիշները նպատակ ունեն շահագրգիռ անձին պաշտպանելու երկարատև անորոշ իրավական վիճակից և ապահովելու արդարադատության իրականացումն առանց ձգձգումների` երաշխավորելով գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը՝ ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ հասարակության կողմից:
Տուժողի իրավահաջորդի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման փաստ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է նաև բոլորովին վերջերս՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ:
Վճռաբեկ դատարանը կարևոր արձանագրում է կատարել, որ գործի քննությունը հատուկ ջանասիրության պետք է արժանանար` հաշվի առնելով, որ այն վերաբերում էր պետության պոզիտիվ պարտականության ներքո գտնվող` կյանքի իրավունքի պաշտպանության ենթադրյալ խախտմանը։
Ինչով են կարևոր Վճռաբեկ դատարանի այս որոշումները․ նախ, նախադեպային իրավունքի մակարդակով սահմանվել են հստակ չափանիշներ՝ գործի քննության ժամկետների ողջամտությունը գնահատելու համար, որոնք 2019 թվականից ի վեր ուղենիշային են դարձել հայրենական դատական ատյանների և բոլոր իրավակիրառողների համար, բացի այդ, հնարավորություն են տվել ՀՀ քաղաքացիներին իրենց խախտված իրավունքը վերականգնել և դրա դիմաց արդարացի փոխհատուցում ստանալ ներպետական դատարաններում՝ երկար տարիներով դատական պաշտպանություն, արդարություն ու արդարադատություն չփնտրելով միջազգային ատյաններում։ Բացի այդ, հնարավորություն են տվել կանխել եվրոպական իրավակարգի պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, իրավունքի խախտման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռ կայացնելու հավանականությունը։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ․Թադևոսյանը նշեց, որ ընդամենն օրեր առաջ Քրեական պալատի կողմից միաժամանակ երկու կարևոր նախադեպային որոշումներ են կայացվել։ Ելնելով քննարկվող գործի փաստերից ու նաև պայմանավորված վարույթի տևողությամբ՝ դրա տևական ընթացքով, գործով մեղադրյալների՝ շարունակական կալանքի տակ գտնվելը համարվել է ոչ իրավաչափ։ Նա միաժամանակ նշեց, որ շարունակական կալանքը կարող է արդարացված լինել, միայն եթե կոնկրետ գործով առկա են հանրային շահի իրական պահանջի մասին վկայող հատուկ ցուցիչներ, որոնք չնայած անմեղության կանխավարկածի սկզբունքին, գերակայում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի նկատմամբ:
Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ վերջին տարիներին մեր երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, դատական համակարգը բեռնաթափելուն ու նաև ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն ապահովելուն ուղղված զգալի աշխատանք է կատարվել․ ավելացել է դատավորների թվակազմը՝ առավել նպաստավոր միջավայր ստեղծելով գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման համար, ձևավորվել է հակակոռուպցիոն դատարանների եռաստիճան համակարգ՝ ապահովելու համար այս բնույթի գործերով արագ և արդյունավետ արդարադատության իրականացումը։ Այնուամենայնիվ դատարանների գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այս խնդիրը շարունակում է մնալ դատական համակարգի առաջ ծառացած առաջնային, եթե ոչ թիվ մեկ մարտահրավերը, որը հաղթահարելու պայմաններում միայն դատական համակարգի գործունեությունը կկարողանա ապահովել ակնկալվող արդյունավետության մակարդակը։ Փորձը ցույց է տալիս, որ բացառապես դատավորների թվակազմը ավելացնելով դատական համակարգի ծանրաբեռնվածությունը հնարավոր չէ հաղթահարել, նկատի ունենալով, որ դատական գործերի քանակը տարեցտարի աճում է երկրաչափական պրոգրեսիայով, և պարզապես իրատեսական չէ գործերի աճին համընթաց ապահովել դատական համակարգի համալրումը նոր կադրերով։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ․Թադևոսյանն անդրադարձավ նաև գործերի ձգձգման մի քանի այլ օբյեկտիվ պատճառների։ Նա մասնավորապես նշեց, որ ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար պահանջի իրացման ճանապարհին նոր մարտահրավեր էր քրեական, քրեադատավարական, ինչպես նաև քրեակատարողական նոր օրենսդրության ընդունումը: 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերը բավական առաջադեմ և սկզբունքորեն նոր կարգավորումներ սահմանեցին, որոնց յուրացումը, գործնական կիրառությունը, ինչպես նաև այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրները հաղթահարելու անհրաժեշտությունը լրացուցիչ ջանքեր, այդ թվում՝ ժամանակային ռեսուրսներ են պահանջում դատական իշխանության ներկայացուցիչներից և մյուս իրավակիրառողներից։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար պահանջի ապահովման տեսանկյունից կարևորեց թվային գործիքակազմի կատարելագործումը: Քովիդ-19 համավարակը սթափեցնող ազդակ էր անգամ ամենազարգացած իրավական և դատական համակարգերն ունեցող առաջադեմ պետությունների համար, որ արդարադատության իրականացումը պետք է դարձնել առավել ճկուն՝ ունակ դիմանալու ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Դատաիրավական բարեփոխումների առանցքային ուղղություններից է արդարադատության թվայնացումը, որի ուղղությամբ վերջին տարիներին լուրջ քայլեր են ձեռնարկվել՝ հատկապես քաղաքացիական դատավարության ոլորտում: Հաշվի առնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների՝ այդ թվում արհեստական բանականության տարբեր գործիքների կիրառումը մեր երկրում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նոր թափ է առնում, այդ զարգացումներից անմասն չպետք է մնա նաև դատական իշխանությունն ու արդարադատության իրականացման կարևորագույն ոլորտը:
Ժամանակն է քայլեր ձեռնարկել միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ՝ արհեստական բանականության հնարավորություններն օգտագործելու ուղղությամբ, ինչը ենթադրում է ոչ միայն փաստաթղթաշրջանառության թվայնացում, այլ նաև ժամանակակից տեխնոլոգիաների ու արհեստական բանականության գործիքների կիրառում հենց բուն արդարադատության իրականացման գործընթացում, ինչը հնարավորություն կտա արագ բեռնաթափել դատական համակարգը, ապահովել երկարաժամկետ և շոշափելի արդյունք, իսկ որպես վերջնաարդյունք՝ էապես խնայել պետության միջոցներն ու մարդկային և ժամանակային ռեսուրսները։ Այն հնարավորություն կտա նաև էապես խնայել դատական ակտերի մշակման վրա ծախսվող ռեսուրսները, արդարադատությունը դարձնել առավել կանխատեսելի և արագ, իսկ դրանից օգտվողների համար՝ առավել մատչելի ու արդյունավետ։
Այս առնչությամբ վերջին տարիներին գործուն քայլեր են ձեռնարկվել նաև հենց Վճռաբեկ դատարանի կողմից: Վճռաբեկ դատարանում գործող փորձագիտական ծառայության մասնագետների ներգրավմամբ, ստեղծվել է Վճռաբեկ դատարանի որոշումների էլեկտրոնային շտեմարան՝ առավել դյուրին դարձնելով բարձրագույն դատական ատյանի նախադեպային բնույթի որոշումների որոնումն ու հասանելիությունը, դրանով իսկ առավել թափանցիկ ու հաշվետու դարձնելով դատարանի գործունեությունը։ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի գործընկերների հետ համաձայնություն է ձեռքբերվել ստեղծել ՀՀ ներպետական նյութական և դատավարական օրենսդրության տարբեր հոդվածներով կիրառելի ընդհանուր սկզբունքների վերաբերյալ համակարգված դիրքորոշումների մշակման գործիք, որը ենթադրում է էլեկտրոնային այնպիսի հարթակի ձևավորում, որը ոչ միայն հնարավորություն կտա որոնողական տարբեր մեխանիզմների կիրառմամբ գտնել Վճռաբեկ դատարանի՝ նախկինում կայացրած որոշումներով արտահայտած համապատասխան իրավական դիրքորոշումները, այլ նաև կնպաստի դատական ակտերի նախագծման բարդ ու ժամանակատար գործընթացի արագացմանը։
Ամփոփելով իր խոսքը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար պահանջի ապահովումը ենթադրում է խնդրին համակարգային մոտեցում: Այլ կերպ՝ այս պահանջի հետևողական իրացումը ենթադրում է օրենսդրական փոփոխությունների, գործնական կարողությունների զարգացման և ինստիտուցիոնալ նոր մոտեցումների համակցված մշակում և համատեղ լուծումների որոնում:
ՀՀ Վճռաբեկ դատարանի տեսլականը՝ կանխատեսելի արդարադատության հայեցակարգի զարգացմամբ իրավունքահեն միջավայրի ձևավորումն է։
Տեսանյութը տե՛ս հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=2B2PEcJ5noc
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.